Նորություն չեմ ասելու. երբ հանրությունը մնում է բացառապես իշխանության խոսափող լրատվամիջոցների հույսին, տեղեկատվական դաշտում շատ արագ գոյանում է ինֆորմացիոն վակուում: Այս դատարկությունը լցնելու գործն իրենց վրա են վերցնում, մի կողմից, օդում կախված լուրերը «փչացած հեռախոսի» հին մեթոդներով տարածող թաղային «բիբիսիները», մյուս կողմից, տեղեկատվական այլ, այդ թվում թշնամական աղբյուրներից օգտվող սոցցանցային «գզիրները»: Պատերազմական իրավիճակում լուրերի տարածման այս «այլընտրանքային» աղբյուրները ոչ միայն անվստահության մթնոլորտ են ձևավորում պաշտոնական տեղեկույթի հավաստիության առնչությամբ, այլև նպաստում են խուճապային տրամադրությունների սաղմնավորմանը, ինչն էլ ամենավտանգավորն է անհավասար կռվի մեջ ներքաշված պետության անվտանգության համար:
Դարձյալ նորություն չեմ ասելու. ժողովրդավար իշխանությունը, առավել ևս, ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը վայելող իշխանությունը, երկրի քաղաքական ընդդիմությունն ու ընդդիմադիր լրատվամիջոցները չի դիտարկի որպես թշնամական 5-րդ շարասյուն, իր հասցեին ուղղված վերջիններիս տեղին քննադատությունն էլ չի նույնացնի դավաճանության ու հակապետական քարոզչության հետ: Ասում եք՝ պատերազմ է, ու երկրում ռազմական դրությու՞ն է հայտարարված: Իսկ ի՞նչ է, պատերազմի ժամանակ իշխանության գործը այն է միայն, որ երկիրը հայտարարի ՀԱՅՐԵՆԻՔ ու տա ԺՈՂՈՎՐԴԻՆ արյան գնով պաշտպանելու՞: Սա՝ ամենամեղմ ձևակերպմամբ: Իսկ այդ նույն ժողովուրդն իրավունք չունի՞ պատերազմի մասին իմանալու ողջ ճշմարտությունը: Ինչի՞ց եք զգուշանում, պարոնայք իշխանավորներ, չե՞ք վստահում ձեր կառավարմանը հանձնված ժողովրդի սթափ մտքին ու օրհասի պահին հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու մարտիրոսությանը: Չե՞ք կարծում, որ վաղն այդ անվստահությունը հենց ձե՛ր դեմ է ուղղվելու, երբ ժողովուրդն ուշացումով հասու լինի ողջ ճշմարտությանը: Այսօր դեռ ժամանակ ունեք: Մի այրեք այն մազե կամուրջը, որ հրդեհի պահին կարող է փրկության ափ հասցնել:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ